Կառավարման համակարգը

Սահմանադրությունը

ՀՀ սահմանադրությունն ընդունվել է 1995 թ. հուլիսի 5-ին՝ հանրաքվեի արդյունքում:

ՀՀ Սահմանադրության փոփոխությունները կատարվել են 2005թ. նոյեմբերի 27-ին և 2015թ. դեկտեմբերի 6-ին՝ հանրաքվեների արդյունքում:

Սահմանադրաիրավական բնութագիրը

Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:

Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:

Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեuված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:

Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա:

Ազգային ժողովը

Ազգային ժողովը  ժողովրդի ներկայացուցչական մարմինն է, որն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն և իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ:

Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ:

Ազգային ժողովը կազմված է առնվազն հարյուր մեկ պատգամավորից: Ազգային ժողովն ընտրվում է համամասնական ընտրակարգով:

Հանրապետության Նախագահը

Հանրապետության Նախագահը  պետության գլուխն է: Նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը: Հանրապետության նախագահն իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է և առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով: Հանրապետության նախագահն իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով:

Հանրապետության նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից յոթ տարի ժամկետով:

Կառավարությունը

Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է:

Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում և իրականացնում է պետության ներքին և արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը:

Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների:

Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից և նախարարներից:

Խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին Հանրապետության նախագահը նշանակում է վարչապետ: Փոխվարչապետները և նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ:

Վարչապետը Կառավարության ծրագրի շրջանակներում որոշում է Կառավարության քաղաքականության հիմնական ուղղությունները, ղեկավարում է Կառավարության գործունեությունը և համակարգում է Կառավարության անդամների աշխատանքը: